Պատահարներ

Արմավիրի մարզում ու Երևանում ալկոհոլից 23 մարդ է թունավորվել. նոր տվյալներ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ալկոհոլային թունավորման 23 դեպքերից 6-ը տեղի են ունեցել Երևանում։ Մայրաքաղաքում բժշկական սպիրտ են խմել։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, որից 11-ը՝ մահվան ելքով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Դեպքերից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում։
Բոլոր տուժածներն օգտագործել են նույն վայրից ձեռք բերված տնական պայմաններում պատրաստված օղի:

Մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում։ Մայրաքաղաքում գրանցված դեպքերից 3-ը մահվան ելքով են: ԱՆ տվյալներով` Երևանի 6 բնակիչներն էլ բժշկական սպիրտ են օգտագործել:

Բոլոր տուժածները տեղափոխվել են հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ. 3-ը՝ Արմավիրի ԲԿ (3-ն էլ մահացել են), 17-ը՝ Արմենիա ՀԲԿ (8-ը մահացել են), 2-ը՝ Թիվ 1 համալսարանական կլինիկա, 1-ը՝ Էրեբունի ԲԿ:

11 մարդու մահվան պատճառը տեխնիկական ծագման սպի՞րտն է. մանրամասներ, լուսանկարներ

12 պացիենտից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Նրանցից 2-ը միացված են արհեստական շնչառության սարքին, 3–ը ծանր վիճակում են, 2-ը՝ միջին ծանրության և 2 անձ՝ դեռևս առանց կլինիկական նշանների: Եվս 1-ը գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս է գրվել Արմենիա ԲԿ-ից:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ: